ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

 

Վերջին օրերի հայ-ազրպէյճանական լարուածութեան հետ կապուած, Ազրպէյճանի սկաուտական կազմակերպութիւնն իր պաշտօնական էջում տարածեց մի յայտարարութիւն, որը խախտում է Համաշխարհային Սկաուտական Շարժման հիմնարար դրոյթներից մէկը՝ Շարժմանը մաս կարող են կազմել ոչ պետական, ոչ քաղաքական կազմակերպութիւնները։ Յայտարարութեան մէջ Ազրպէյճանի սկաուտական կազմակերպութեան ղեկավարները փորձում են Հ.Ս.Շ. հարթակն օգտագործելով, տարածել ակնյայտ ապատեղեկատուութիւն։

Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի Կենտրոնական Վարչութիւնը Հ.Ս.Շ. եւ Եւրասիա տարածաշրջանի ղեկավարութեանն է ներկայացրել իր մտահոգութիւնը նման յայտարարութիւնների տարածման գծով, որը լարուածութիւն է ստեղծում նաեւ կազմակերպութիւնների անդամների միջեւ, որոնք տարբեր առիթներով միասին մասնակցում են տարածաշրջանային եւ համաշխարհային սկաուտական միջոցառումների: Նաեւ մատնանշուել է սկաուտութիւնը քաղաքական գործընթացների մեջ ազրպէյճանական կազմակերպութեան կողմից ներքաշելու անթոյլատրելիութիւնը, մինչդեռ մեր կազմակերպութեան կողմից մշտապէս պահպանուել է Հ.Ս.Շ. կողմից զսպուածութիւն ցուցաբերելու եւ միջազգային բեմում հակադրութիւններից խուսափելու յորդորները։

Ի պատասխան յղուած նամակի Համաշխարհային Սկաուտական Բիւրոյի անունից տեղեկացրել են, որ իրենք հետեւում են սոցիալական կայքերում երկու կողմի քայլերին որպէսզի խուսափեն այս խնդիրից սկաուտական համատեքստում տարածուելուց։

Տեղեկացնենք, որ մենք եւս հետեւում ենք տարբեր հարթակներում տիրող իրավիճակին եւ անհրաժեշտութեան դէպքում անհրաժեշտ քայլերը կը ձեռնարկենք՝ ազրպէյճանական կազմակերպութեան՝ սկաուտական սկզբունքների խախտումներին հակազդելու ուղղութեամբ։

28 Յուլիս 2020
Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.Ի
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Տարածենք