«ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՄ ԲԱՐԻՔ ԳՈՐԾԵԼ ԱՄԷՆ ՕՐ…»
Սա է սկաուտի խոստման բաղկացուցիչ մասը, որը դառնում է կենսակերպ։
Այդ գիտակցումով 2021-ի տօնական օրերին ընդառաջ, Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի Արմաւիրի «Վարդան Բախշեան» մասնաճիւղի սկաուտները հիւրընկալեցին Արմաւիրում բնակուող 12 բազմազաւակ ընտանիքի շուրջ 40 երեխաների։
Հանդիպումն անցկացուեց Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցուն կից գործող առաջնորդարանում, որտեղ տեղի քահանան՝ Տէր Տաճատը, երեխաներին ներկայացրեց Սուրբ Ծննդեան խորհուրդը։ Այնուհետ սկաուտներն ուրախ խաղերով եւ ծափերով իրենց փոքրիկ հիւրերի օրը տօն դարձրին։
Դէ էլ ինչ տօն առանց Ձմեռ Պապի՝ ով եւ հիւրընկալուեց փոքրիկներին միջոցառման աւարտին։ Բնականաբար, նա «դատարկ ձեռքերով» չէր եկել։
Ձմեռ Պապիկը իւրաքանչիւր երեխայի համար քաղցրաւենիքով եւ անհրաժեշտ պարենամթերքով լի տոպրակներ էր բերել։
Այս բարի գործը կատարելու հարցում իր նիւթական օժանդակութիւնն ունեցաւ մեր մասնաճիւղի նախկին անդամ Նարեկ Ասատրեանն, ով բնակւում է Ա.Մ.Ն.ում եւ երբեք չի դադարում հաւատարիմ մնալ իր սկաուտական խոստմանը։ Ի դէպ, այդ օր եղբայր Նարեկի ծննդեան տարեդարձն էր, որի առիթով սիրով շնորհաւորեցինք զինք։
Օրուան աւարտին գոհունակութեան եւ շնորհակալական խօսքերը բազմաթիւ էին... սկաուտներն էլ երջանիկ էին, որ կարողացան երջանկացնել միւսներին։
ՇՐՋԱՅՑ ԿԻՒՄՐԻԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՎԱՅՐԵՐՈՎ
Իր կարգին, Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի Կիւմրու «Վահան Չերազ» մասնաճիւղը Արցախից Կիւմրի տեղափոխուած 14-20 տարեկան երիտասարդների համար կազմակերպեց շրջայց՝ Կիւմրիի մշակութային վայրերով։