ՍԿԱՈՒՏՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ ԿԻՒՄՐԻՈՒՄ

 

2021 թ.ի Մարտի 14-ին, Կիւմրիում՝ Վահան Չերազի արձանի մօտ, տեղի ունեցաւ Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի Երեւանի եւ Կիւմրու «Վահան Չերազ» մասնաճիւղերի սկաուտների երդման արարողութիւնը։ Վայրը պատահական չէր ընտրուած, այն խորհրդանշական էր, քանի որ սկաուտական խմբերը կրում էին Վահան Չերազի անունը։

Նախապատրաստական աշխատանքներից յետոյ տեղի ունեցաւ ծանօթացման արարողութիւնը, որը սկաուտներին բնորոշ եւ տարբերուող էր։ Սկաուտները բաժանուեցին խմբերի, խմբի անդամները ծանօթացան միմիանց հետ, զրուցեցին եւ առանձնացրին Կիւմրու եւ Երեւանի մասնաճիւղերի նմանութիւնները եւ տարբերութիւնները։

Պահը վճռորոշ էր նոր երդուող սկաուտների համար. ուրախութեան, ժպիտների տակ թաքնուած էր մի փոքր տագնապ եւ մեծ պատասխանատուութիւն։

Արարողութեան բացման խօսքը տրուած էր քոյր Արմիկին (Երեւանի Արաբկիր համայնքի «Վահան Չերազ» մասնաճիւղի խմբապետ)։

Քոյր Արմիկի հրահանգով սկաուտները ասացին Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի կարգախօսը.

- Բարձրացի՛ր։

- Բարձրացրո՛ւ։

Այնուհետեւ սկաուտները պատուի առան եւ կատարեցին իրենց օրհներգը։

Քոյր Արմիկի հրահանգով սկաուտները ծնկած դիրք ընդունեցին եւ տուեցին իրենց սրբազան երդումը, որից յետոյ խմբապետներն արդէն երդուեալ սկաուտների տարազին ամրացրեցին վզկապները։

Սկաուտներն իրենց երդման մէջ խոստացան լինել հաւատարիմ Աստծուն, ծառայել հայրենիքին եւ ազգին։

Սկաուտներին աջակցելու էին եկել տարբեր վայրերի սկաուտները եւ Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի Կենտրոնական Վարչութեան անդամները։

Խօսքը փոխանցուեց Կենտրոնական Վարչութեան անդամ քոյր Սանտրային։ Քոյրը շնորհաւորեց սկաուտական երդում տուած սկաուտներին, խնդրեց նրանց՝ ամէն օր յիշել իրենց երդումը եւ հաւատարիմ մնալ դրան։

 «…Սա սկիզբն է եւ ոչ աւարտը, սրանով սկիզբ է դրւում ձեր նոր քայլերի, նոր կեանքի եւ նոր առաջընթացի։ Շնորհաւորում եմ բոլորիդ»,- եզրափակեց իր շնորհաւորական խօսքը քոյր Սանտրան։

Այնուհետեւ շնորհաւորական խօսք ասաց խմբապետական խորհրդի ներկայացուցիչ եղբայր Սեւակը։ Նա նշեց Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի դաստիարակչական մեծ նշանակութիւնը եւ հայրենասիրական դասերը, փաստեց, որ Հ.Մ.Ը.Մ.ի դաստիրակութիւն ստացած պատանիներն իրենց լաւագոյնս են դրսեւորել այն իրավիճակներում, երբ հայրենիքը զգացել է իրենց կարիքը։ Ցանկութիւն յայտնելով, որ երդուեալ սկաուտները չմոռանան յանուն հայրենիքին իրենց կեանքը զոհած եղբայրներին եւ քոյրերին, հաւատարիմ մնան նրանց եւ նրանց գործին։ 

«Յառա՜ջ, նահատակ ցեղի անհմահներ»,-  եղբայր Սեւակն աւարտեց իր խօսքը՝ մէջբերելով միութեան քայլերգի տողերը։ Այնուհետեւ քոյր Արմիկը եզրափակեց երդման արարողութիւնը՝ հնչեցնելով սկաուտների կարգախօսը, որին հետեւեց երդուեալ սկաուտների պատասխանը.

- Սկաուտը մի՜շտ...

- Պատրա՛ստ։

- Բարձրացի՜ր,

- Բարցրացրո՛ւ։

Վերջում սկաուտները շրջեցին Կիւմրու պատմական միջուկով՝ այցելեցին Աւետիք Իսահակեանի, Յովհաննէս Շիրազի, Մհեր Մկրտչեանի թանգարաններ, ծանօթացան Կիւմրու պատմութեանը, ձեռք բերեցին նոր ծանօթութիւններ եւ հրաժեշտ տուեցին իրար՝ նորից հանդիպելու ակնկալիքով։

ՍԵԴԱ ՈՍԿԱՆԵԱՆ

 

 

Տարածենք