«ԽԻԶԱԽՆԵՐԻ ՊՈՒՐԱԿ»Ի ԲԱՑՈՒՄ ՝ ԲԻՒՐԱԿԱՆԻ ԲԱՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

 

Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի նախաձեռնութեամբ, ինչպէս նաեւ Հ.Մ.Ը.Մ.ական քոյրերի եւ եղբայրների ներդրումներով, 2021 թուականի Մայիսի 1-ին՝ Բիւրականի բանակավայրում բացուեց «Խիզախների պուրակ»ը։ Այստեղ տնկուեցին տասներկու մշտադալար եղեւնիներ՝ ի յիշատակ Արցախեան առաջին եւ երկրորդ պատերազմներում զոհուած սկաուտ եղբայրների։

Տասներկու մշտադալար եղեւնի՝ տասներկու խիզախի անունով։

Ծառատունկի վայրը պատահական չի ընտրուել։ Բիւրականի բանակավայրում են իրենց կեանքի ամենայիշարժան պահերն անցկացրել մեր հերոս եղբայրները՝ բանակումների, արշաւների եւ սեմինարների ընթացքում։ Այժմ նրանցից մի փոքրիկ մասնիկ, իրենց յիշատակը յաւէտ սկաուտ եղբայրների սրտերում վառ պահող մասունք, տեղադրուեց հե՛նց այս բանակավայրի սրտում։ Հ.Մ.Ը.Մ.ի Կենտրոնական Վարչութեան անդամ եղբայր Դաւիթ Յակոբեանի խօսքով՝ «Մեր նահատակուած սկաուտների անուններն են կրում այս եղեւնիները, որոնք մշտապէս բնակուելու են այստեղ, մասնակցելու են մեր բանակումներին եւ այս բարձունքից հսկելու են ամբողջ Հայաստանին»։

Պուրակի խնամքն ամբողջութեամբ յանձն են առել սկաուտ քոյր-եղբայրները, որպէսզի ո՛չ միայն ընդմիշտ զգան իրենց հերոս եղբայրների ներկայութիւնը, այլեւ նրանց հերոսութեան, փառքի ու սխրանքի մասին պատմեն նաեւ փոքրիկ գայլիկներին ու հետագայ սերունդներին։

Տնկուած մշտադալար եղեւնիներից բացի, բանակավայրի մէկ այլ հատուածում տնկուեցին նաեւ յիսուն ծառեր, որոնց խնամքը նոյնպէս ստանձնելու են սկաուտները։

Նշենք նաեւ, որ Ապրիլի 30-ից Մայիսի 2-ը Բիւրականի անուան բանակավայրում անց էր կացւում Ա. կարգի սեմինար, որին մասնակից սկաուտների օգնութեամբ իրականացուեցին տնկիները ցանելու, ջրելու եւ մշակելու աշխատանքները, ինչպէս նաեւ անուանական ցուցանակների տեղադրումը։

Խիզախների պուրակում աշխատանքը դեռ աւարտուած չէ։ Առաջիկայում նախատեսւում է այստեղ տեղադրել նաեւ կամաւորի յուշակոթող-յուշարձան, քանի որ Արցախեան վերջին պատերազմի օրերին, մինչ առաջնագիծ մեկնելը հե՛նց Բիւրականի բանակավայրում են իրենց մարզումներն ու զօրավարժութիւններն անցկացրել «Կամաւորական շարժում» հասարակական կազմակերպութեան անդամները։

Թո՛ղ, որ այս ծառերի քանակը այսուհետ երբեք չաւելանայ այս պուրակում։ Թո՛ղ որ այս հատուածը դառնայ մարտի դաշտում հերոսաբար ընկած մեր եղբայրների սխրանքի ու փառքի յիշատակի սրբավայր։ Թո՛ղ որ այն դառնայ գալիք սերունդներին հայրենասիրութեամբ կրթելու, սնելու եւ դաստիարակելու վեհ խորհրդանիշ։ Եւ թո՛ղ որ մենք ու մեր հետագայ սերունդները մի՛շտ յիշենք, որ մենք ունենք հայրենիք, եւ մեր ամբողջ նպատակն ու գաղափարը այդ հայրենիքին լա՛ւ զինուորներ, լա՛ւ քաղաքացիներ եւ լա՛ւ մարդիկ պարգեւելն է։

Տարածենք