ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ ԴԷՊԻ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՅՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
1999 թուականից ի վեր, իւրաքանչիւր տարի Ապրիլի 23-ի երեկոյեան տեղի է ունենում ջահերով երթ դէպի Ծիծեռնակաբերդի յուշահամալիր։ Այն սկիզբ է առնում «Ազատութեան» հրապարակից եւ աւարտւում Ծիծեռնակաբերդի յուշահամալիրում, որտեղ խոնարհւում են բոլոր այն երկրների դրօշները, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանութիւնը։ Արդէն աւանդական դարձած այս երթին իրենց մասնակցութիւնն են բերում նաեւ Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի սկաուտները՝ իրենց խրոխտ ու խուռներամ շարքերով, բարձրանում են Ծիծեռնակաբերդի բարձունք՝ վառուող ջահերը վեր պարզած։
Երթի նպատակը ո՛չ միայն Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը յարգելն է, այլեւ՝ արդարութեան պահանջը, քանի որ այն, ըստ էութեան, պայքարի խորհրդանիշ է։
Այս տարի, Ապրիլեան միջոցառումներն ու յատկապէս ջահերով երթը իրենց մէջ առաւել մեծ ցաւ ու առաւել խորը վիշտ էին պարունակում։ Ընդամէնը ամիսներ առաջ տեղի ունեցած Արցախեան պատերազմի հետեւանքով, յանուն հայրենիքի ու յանուն արդարութեան իրենց կեանքը զոհաբերեցին նաեւ Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի անդամ մեր հերոս եղբայրները։ Ապրիլի 23-ի ջահերով երթին, որն ուղեկցւում էր Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի նուագախմբի կատարումներով, սկաուտներն իրենց դրօշներից բացի, կրում էին նաեւ Արցախեան 44-օրեայ պատերազմում իրենց կեանքը զոհաբերած Հ.Մ.Ը.Մ.ական եղբայրների լուսանկարները՝ վկայակոչելով նրանց վառ յիշատակն ու խոնարհուելով նրանց անձնուէր փառքի ու սխրանքի առջեւ։