«ՀԱՅ ՍԿԱՈՒՏԻ ՕՐ»Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ

 

Ինչպէս գիտենք, առաջին անգամ սկաուտական շքերթ Հայաստանում տեղի է ունեցել քսաներորդ դարասկզբին՝ Հայաստանի Ա. Հանրապետութեան տարիներին, երբ Եղեռնից յետոյ փրկուած հայ որբերի անդամութեամբ ստեղծուել է սկաուտական կազմակերպութիւն։ Դա տեղի է ունեցել 1920 Ապրիլի 18-ին եւ բոլորովին էլ պատահական չէ, որ մօտ հարիւր տարի առաջ տեղի ունեցած այդ իրադարձութիւնը՝ Ապրիլի 18-ը դարձրեց Հայաստանի մէջ «Հայ սկաուտի օր»։ Այսօր, Հայաստանում մօտ հազար սկաուտ կրում է նոյն համազգեստը, զգաստանում նոյն օրհներգը լսելիս, ստանում նոյն գիտելիքները։ Ապրիլի 18-ը նրանց տօնն է։ 1997-ին Հայաստանի սկաուտները դարձան Համաշխարհային Սկաուտական Շարժման անդամ։ Եօթանասունամեայ դադարից յետոյ, յաղթահարելով շատ դժուարութիւններ, Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւնը վերահաստատուեց հայրենիքում։ Քառորդ դար եւ հսկայական գործունէութիւն․ կազմակերպութիւնը ծրագրել, կազմակերպել ու հասցրել է գործադրել բազմաթիւ ծրագրեր, ընդհուպ մինչեւ մեր օրեր։

2021 թուականի «Սկաուտի օր»ը բովանդակալից օր էր Երեւան քաղաքի հայ սկաուտների համար, քանի որ Ապրիլի 18-ը նաեւ յուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրն էր։ Ուստի, օրուան կապակցութեամբ կազմակերպութեան անդամները իրականացրեցին Օփերայի տարածքի մաքրման եւ բարեկարգման աշխատանքներ։ Սկաուտները երկուսը մէկում են արել՝ իրականացնելով հասարակական գործունէութիւն։ Երեւան քաղաքի բոլոր մասնաճիւղերի սկաուտները, մասնաճիւղերի վարչականների եւ Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի վարչութեան անդամների մասնակցութեամբ՝ միասնաբար իրենց լուման են ներդրել սոյն միջոցառմանն ու իրականացրել Երեւան քաղաքում տեղակայուած մի շարք յուշարձանների մաքրում ու լուացում։ Նրանք ի մի են եկել «Ազատութեան» հրապարակում եւ մաքրել Յովհաննէս Թումանեանի, Ալեքսանդր Սպենդարեանի, Առնօ Բաբաջանեանի եւ Սողոմոն Թեհլիրեանի յուշարձաններն ու նրանց մերձակայ տարածքները։

Յուշարձանների մաքրման աշխատանքից յետոյ, Երեւանի Հայկ Յովսէփեանի անուան բանակավայրում տեղի է ունեցել մասնաճիւղերի վարչութիւնների հանդիպում՝ Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի վարչութեան անդամների ներկայութեամբ, որտեղ քննարկուել են բազմաթիւ խնդիրներ, տեղի են ունեցել մտքերի փոխանակում։ Հանդիպման աւարտին Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի վարչութեան կողմից տրուել են նաեւ մի քանի ուսադիրներ եւ սկաուտական աստղեր։

Տարածենք