Հ.Մ.Ը.Մ.ի Արցախ Ֆոնտի Իրականացրած Ծրագրեր
Հ.Մ.Ը.Մ.ի Արցախ ֆոնտը նշանակումից յետոյ, գումարել է 5 նիստ, որտեղ քննելով կատարուած աշխատանքները, որոշել է հետագայ անելիքները եւ համապատասխան ծրագրերը: Ստորեւ ներկայացնում ենք Արցախ ֆոնտի միջոցներով իրականացուած ծրագրերը:
Հոկտեմբերի 15-ից մինչեւ 2023 թուականի աւարտը գրանցուած ընտանիքներին բաժանուել են տաք հագուստներ, 650 բարձեր եւ վերմակներ, հիգենիայի ապրանքներ և քաղցրաւենիք:
Հոկտեմբերի 29-ին իրականացուել է սկաուտական հաւաք, որին մասնակցել են 150 սկաուտներ Արցախի Մեկուսի շրջանից եւ պատասխանատուներ Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ից: Ծրագրի նպատակն էր տեղահանուած սկաուտների բարոյահոգեբանական վիճակի բարելաւումը եւ համախմբումը, որը իրականացուեց ամբողջութեամբ եւ արդիւնաւէտ կերպով:
Նոյեմբերի 12-ին Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի Երեւանի Վահան Չերազ մասնաճիւղի կազմակերպմամբ տեղի ունեցան ֆութսալի միջ-մասնաճիւղային մրցումներ, որոնց մասնակցեցին Արցախի Մեկուսի շրջանի սկաուտները իրենց ընտանիքների անդամների հետ: Ստեղծուած մթնոլորտը օգնեց ներկաներին որոշ ժամանակով կտրուել իրենց ծանր առօրեայից:
Դեկտեմբերի 24-ին Երեւանում, իսկ Դեկտեմբերի 24, 25 եւ 26-ին Արմաւիրում կազմակերպուեց Ամանորեայ միջոցառում Հ.Մ.Ը.Մ.- Հ.Ա.Ս.Կ.ի ԿՎ-ի կազմակերպմամբ ու աստիճանաւորների ու սկաուտների ջանքերով, որին մասնակցեցին 350 Արցախից տեղահանուած մանուկներ եւ պատանիներ, որոնք գրանցուած էին վերոնշեալ ցանկերում: Ուրախ մթնոլորտում, տարբեր տարիքային բաժանումներով, երեխաները խաղացին սկաուտական խաղեր, երգեցին ու պարեցին, սովորեցին ազգային պարեր, դիմաւորեցին
Ձմեռ Պապիկին ու Ձիւնանուշիկին եւ վերջում ստացան նուէրների տոպրակներ: Հարկ է նշել որ Երեւանում երեխաների հետ միասին ծրագրին հետեւում էին նաև մեծ թուով ծնողներ, որոնք վերջում մեծ ոգեւորութեամբ հեռացան նոր հանդիպման եւ միջոցառումների ակնկալիքով: Ծրագրի ընթացքում նախատեսուած էր նաև հիւրասիրութիւն բոլորի համար:
2024 թուականի Ապրիլ 7-ին, Զատկական տօներին ընդառաջ, Հ.Մ.Ը.Մ.ի Արցախի Մեկուսի շրջանի անդամների 53 ընտանիքներին տրամադրուեցին Սիթի սուպերմարկետների գնումների կուտակային քարտեր, որոնց վրա նախապես մուտք էր արուել 40000 դրամ, որը նրանք կարող էին օգտագործել իրենց գնումների համար:
Ապրիլի 21-ին, Արմաւիրի Մաղաքեան սկաուտական կենտրոնում տեղի ունեցաւ Արցախից տեղահանուած ընտանիքների հաւաք, որին մասնակցեցին 12 ծնող և 34 երեխայ: Ծրագիրը նպատակ ունէր հիմքը դնելու Արմաւիրում Արցախի Մեկուսի շրջանի խմբի: Ծրագրի ընթացքում ներկաներին ներկայացուել է Հ.Մ.Ը.Մ.իև Արցախի Մեկուսի շրջանի մասին տեղեկութիւններ եւ ընդհանրապէս սկաուտական խմբերի եւ աշխատանքների մասին ներկայացում: Երեխաների հետ իրականացուել է գործունէութիւն, որով իրենցից որոշները ցանկութիւն են յայտնել մաս կազմել ձեւաւորուող խմբին: Այս ծրագիրը իրականում փորձ էր, որի հիման վրայ հետագային ձեւաւորուեցին եւ իրականացուեցին բակային ճամբարները: Վերոնշեալ ծրագրի արդիւնքում ձեւաւորուած խումբը նաեւ մասնակցեց Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի Վ. Բախշեան մասնաճիւղի տարեկան բանակմանը 18 սկաուտներով և 20 գայլիկներով:
Յուլիսի 20-ից Սեպտեմբերի 8-ը տեղի ունեցաւ բակային ճամբարների ծրագիրը, որին ներգրաւուեցին ընդհանուր առմամբ շուրջ 850 արցախցի երեխաներ, Մասիս եւ Աբովեան քաղաքներից: 6- 14 տարեկան երեխաները իւրաքանչիւր Շաբաթ եւ Կիրակի, 7-8 ժամ տեւողութեամբ մասնակցում էին իրենց համար նախատեսուած ծրագրերին, օրուայ մէջ օգտւում իրենց համար նախատեսուած երեք անգամեայ սնունդից: Ծրագիրը իր մէջ ներառում էր շատ տարբեր բաժիններ՝ սկսած տարբեր արհեստների, մշակոյթի տարբեր ճիւղերի հետ ծանօթացումից մինչեւ այցելութիւններ Երեւան, թանգարաններ, կենդանաբանական այգի եւ խաղահրապարակ գնալու համար: Ծրագրի ընթացքում մասնակից երեխաները շփուելով Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի եւ Արցախի Մեկուսի շրջանի սկաուտ պատասխանատուների հետ, ծանօթացան նաեւ մեր կազմակերպութեան եւ սկաուտութեան հետ, որի արդիւնքում ձեւաւորուեցին Մասիս եւ Աբովեան քաղաքների Արցախի Մեկուսի շրջանի նոր խմբերը: Ծրագիրը աւարտուեց մէկօրեայ ծրագրով Բիւրականի «Գառնիկ Մկրտչեան»ի անուան բանկավայրում, որտեղ մասնակից երեխաները մէկ օր անցկացրեցին սկաուտական կեանքով եւ էլ աւելի ոգեւորուեցին, որպէսզի հետագային մաս կազմեն վերոնշեալ սկաուտական խմբերին: Հարկ է նշել որ ծրագրի աւարտին հանդիպումներ նախաձեռնուեց մասնակից երեխաների ծնողների հետ, որտեղ առաւել մանրամասն ներկայացուեց մեր կազմակերպութիւնը եւ առաքելութիւնը: Սոյն հանդիպումների ընթացքում ականատեսը եղանք ծնողների միմիայն դրական եւ շնորհակալական արձագանգներին: Նման արձագանգներ էին ստանում նաեւ Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի եւ Արցախի Մեկուսի շրջանի վարչութիւնները իրենց սոցիալական էջերում: Ծրագրի դրական արդիւնքները հաշուի առնելով կայ այն շարունակելու եւ ընդլայնելու հեռանկար:
12.08-20.08, 2024-ի Արցախի Մեկուսի շրջանի 10 սկաուտներ եւ մէկ պատասխանատու մասնակցեցին Եւրոպայի 1-ին ցամաքամասային բանակմանը, Շուէտիայում: Բանակման մասնակցութիւնը չափազանց մեծ ոգեւորութիւն եւ փորձառութիւն էր մասնակիցների համար, որոնցից շատերի առաջին հնարաւորութիւնն էր ընդհանրապէս ճամբորդելու: Եղան վիզայի հետ կապուած որոշակի խնդիրներ, իրենց անձնագրերի կոդերի պատճառով (Արցախի քաղաքացի լինելու մասին), որի արդիւնքում վիզաները տրուեց վճարովի հիմունքով:
11.08-18.08, 2024-ին Բիւրականի «Գառնիկ Մկրտչեան»ի անուան բանկավայրում կայացաւ Արցախի Մեկուսի շրջանի տարեկան բանակումը, որին մասնակցեցին 96 սկաուտներ եւ գայլիկ- արծուիկներ: Ծրագիրը իրականացուեց ամենայն բծախնդրութեամբ եւ պատասխանատուութեան բարձր գիտակցումով: Միաժամանակ բանակավայրը օգտագործում էին նաև Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի Երեւանի սկաուտները իրենց համաերեւանեան բանակման համար: Բանակավայրում տիրում էր իտէալական համագործակցային եւ հոգատար մթնոլորտ իրար նկատմամբ: Բանակման փակման արարողութիւնը իրականացուեց համատեղ, որը էլ աւելի ոգեւորեց ներկաներին:
Արցախի Մեկուսի շրջանի խմբապետը մասնակցեց Հ.Մ.Ը.Մ.ի խմբապետական համագումարին Կահիրէում: Եղբօր մասնակցութիւնը մեծ հնարաւորութիւն տուեց իրեն շփուելու փորձառու խմբապետների հետ, պատկերացում կազմելու մեր սկաուտական կառոյցի ներուժի եւ հնարաւորւթիւնների, սկաուտական գիտելիքների նոր մակարդակով վերադառնալու իր շարքերի մօտ:
Նոյեմբերի 17, 2024 թուականին, Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ-ի 35-ամեակի միջոցառումների շրջանակում, Հ.Մ.Ը.Մ.ի 11-րդ միջ-դիւանական ժողովի մասնակիցների ներկայութեամբ գայլիկական եւ սկաուտական երդում տուեցին թուով 63 Հ.Մ.Ը.Մ.ի Արցախի Մեկուսի շրջանի անդամներ, որոնց տարազների ապահովման համար յատկացուել է գումար, որը պէտք է պահպանուի որպէս տարազների ձեռք բերման ֆոնտ, որից կը սուբսիդաւորուին նոր անդամների տարազները։
Հովանաւորութեամբ Հ.Մ.Ը.Մ.ի «Արցախ ֆոնտ»ին, կազմակերպութեամբ Հ.Մ.Ը.Մ.ի Արցախի մասնաճիւղի վարչութեան, Ուրբաթ, 27 Դեկտեմբերին տեղի ունեցաւ տօնական օր՝ անսահման ուրախութեամբ, զուարճանքներով եւ կախարդական մթնոլորտով։ Տօնական օրուան իրենց մասնակցութիւնը բերին մասնաճիւղին սկաուտական կազմը եւ գայլիկներ՝ Երեւանէն, Արմաւիրէն, Մասիսէն ու Աբովեանէն։ Մասնակիցները իրենց հետ բերած էին մէկական արցախցի երեխայ։
Երեխաներուն ընկերացան պատասխանատուներ՝ Աբովեանէն, Մասիսէն եւ Արմաւիրէն։ Սկաուտներ պատրաստեցին Ամանորի նուէրները, իսկ ծնողական խորհուրդը պատրաստեց ուտելիքները։ Երեխաները Երեւան հասնելով հաւաքուեցան Երեւանի երգի պետական թատրոն եւ միասին դիտեցին «Ամանորեայ կողոպուտը» երաժշտական ներկայացումը։
Ներկայացումի աւարտէն ետք, բոլորը ուղղուեցան մայրաքաղաքի հրապարակ, ուր համտեսեցին ծնողական խորհուրդին համեղ ուտելիքները եւ սպասեցին Կաղանդ պապուկին ժամանումը՝ Ամանորի նուէրներով։ Բացի նուէրներէն, տօնական օրուան մասնակիցները ստացան «Երեւան փարք»ի տոմսեր՝ Ամանորեան կախարդանքը մեծ վայելքով շարունակելու համար։
Արցախի Մեկուսի շրջանի վարչության ընթացիկ աշխատանքները մեծամասնաբար ֆինանսաւորւում են ֆոնտի կողմից յատկացումների շնորհիւ: Տրուած յատկացումները հիմնականում օգտագործւում են գործավարի աշխատավարձի, գրասենեակային ծախսերի, սկաուտական ընթացիկ ծրագրերի իրականացման համար:
Արցախից տեղահանման ընթացքին շրջանը կորցրել էր իր դրօշները, որը եւս վերականգնուել է ֆոնտի աջակցութեամբ: Դրօշները առաջին անգամ օգտագործուեցին երբ Լիբանանի Շրջանային Վարչութեան հրաւէրով Արցախի Մեկուսի շրջանի 10 սկաուտներ եւ մէկ վարչական եղբայր այցելեցին Լիբանան եւ մասնակցեցին Մայիսեան փառատօնին: